Press "Enter" to skip to content

Իշխանությունը խոստանում է վերարտադրվել սահմանադրական բարեփոխումներից անկախ եղանակով

«Նոր սահմանադրությունը չի փոխի մեր վերարտադրման մեխանիզմը», - Սահակյան
«Մի վախեցեք` նույն մարդկանց բերելու ենք նույն ավտոբուսներով նույն տեղամասեր », — Սահակյան

ԵՐԵՎԱՆՀՀ իշխանությունը հերքում է ընդդիմության այն վարկածը, որ սահմանադրական բարեփոխումները միտված են «ռեժիմի վերարտադրությանը»: Ռեժիմը հավաստիացնում է, որ մտադիր է վերարտադրվել միայն հին, ավանդական եղանակով, և այս առումով մտահոգվելու կարիք չկա:

«Ընդդիմության ահազանգերը անհիմն են և ծիծաղելի: Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում փոխել իշխանության վերարտադրման եղանակը:  Իսկ սահմանադրությունը մենք բարեփոխում ենք զուտ որպեսզի.. դե.. էդ էլ թող մենք իմանանք ինչու, բայց հաստատ վերարտադրության մեխանիզմը փոխելու համար չի», — բացատրեց իշխանության հատուկ հարցերով հանձնակատար Հովհաննես Սահակյանը:

Ընդդիմությունը պնդում է, որ բարեփոխումներով իշխանությունը «հաստատ մի տեղ փորձում է քաշել ժողովրդին»: Համահայկական ընդդիմադիր միասնական ճակատի համակարգող Լևոն Զուրաբյանը  բացատրում է հայ ընդդիմության մոտեցումը. «Իշխանությունը ընդունակ չէ իրականացնել փոփոխություն առանց ժողովրդի մոտ նոր թութք առաջացնելու»։

«Ինչպես գիտեք, վատ ընտրվողին փոքր վերարտադրողական մեխանիզմն է խանգարում: Հենց դրա համար մեր ռեժիմյան գործընկերները օր առաջ փորձում են առավել հարմարավետ մեխանիզմ մշակել», — եզրափակեց Զուրաբյանը:

«Բնակչության այսքան մասն է դժգոհ իշխանությունից» , - Ադիբունց
«Բնակչության այսքան մասն է դժգոհ իշխանությունից» , — Ադիբունց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս միջամտել է վեճին և կարևորել ավանդույթների պահպանման հարցը: «Իշխանության վերարտադրության միակ օրգանը դա ԿԸՀ-ն է, և այդ առումով ոչ մի բարեփոխում ոչ մի բան չի փոխելու: Մենք շարունակելու ենք մեր անաչառ և անկողմնակալ ընտրական գործընթացը, որի արդյունքում հաղթողները սովորականի պես կգնան գործի` Մելիք Ադամյան փողոց», — նշեց ԿԸՀ կրտսեր քարտուղար Անուլիկ Ասունցը:

Բանավեճին միացել են նաև սոցիոլոգները, որոնց առաջնորդ Ահարոն Ադիբունցը բերել է պարզ թվեր: «Մեր հարցումները ցույց են տվել, որ ժողովրդի ավելի քան 76,8%-ը կողմ է ոչ միայն սահմանադրական բարեփոխումներին, այլև իշխանության ցանկացած նախաձեռնությանը։ 65%-ը կողմ է հարկերի պարբերական բարձրացմանը, իսկ 86%-ը ուզում են տեսնել ինձ կիպլիկ մարզական հագուստով», — նշեց Ադիբունցը:

Նշենք, որ նոր սահմանադրությունը մշակվելու է Վենետիկի հանձնաժողովի մասնակցությամբ: Սակայն որոշ աղբյուրների համաձայն` հանձնաժողովը բաղկացած է երկու 93-ամյա զույգ կույս կանանցից, որոնցից մեկն ունի տեսողության լուրջ խնդիր, իսկ մյուսը մահացել է դեռ 9 տարի առաջ` առաջին սահմանադրական հանրաքվեի գործընթացը դիտարկելիս: Որոշ աղբյուրների պնդմամբ` կենդանի մնացած փորձագետը երիտասարդ տարիներին փչացածի մեկն է եղել:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.