Press "Enter" to skip to content

ՕԵԿ-ի նոր մուրաբայի բաղադրատոմսը կարող է 10-15% ավել ձայներ բերել

Քաղաքական դաշտի քաղցր գործոնը

ԵՐԵՎԱՆ — «Օրինաց երկիր» կուսակցության նորանշանակ խոսնակ Հարություն Ամիրյանը հայտնեց, որ կուսակցությունը պատրաստվում է եփել մի այնպիսի մուրաբա, որին նմանը հայ ընտրազանգվածը դեռ չի համտեսել: «Նոր մուրաբայի բաղադրատոմսը այս պահին մեր նախընտրական ռազմավարական գաղտնիքն է, ուստի չեմ կարող նշել ո՛չ ինչի մուրաբա է լինելու, ո՛չ էլ անգամ գույնը: Միայն կարող եմ ասել, որ մուրաբայի համային փունջը աննախադեպ է ու շուրջ 10-15% ավել ձայներ կարող է ապահովել», — լրագրողներին հայտնեց Ամիրյանը:

Կուսակցության շեֆ-խոհարար Արթուր Բուլղադարյանի խոսքերով մուրաբայի վրա աշխատանքները տարվել են ավելի քան 4 տարի: «Կարելի է ասել, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած հայտնի թյուրըմբռնման դեպքից հետո, սկսել ենք աշխատել բաղադրատոմսի վրա», պատմում է խոհարարը: «Մեզ պետք էր նոր համ, թարմ համ` ավելի հզոր քան պոպոքի մուրաբան. համ, որը կստիպեր մոռանալ քաղաքական կուրսի և խոստումների կտրուկ փոփոխության* համը ու կլուծեր ընդհանուր տհաճ նստվածքը», — հավելեց նա:

*Կուսակցությունում ընդունված չէ օգտագործել «դավաճանություն» բառը` այն փոխարինվել է ավելի տոլերանտ «քաղաքական կուրսի և խոստումների կտրուկ փոփոխություն» արտահայտությամբ:

Նոր մուրաբան ի զորու է վերադարձնել մեզ ԱԺ Նախագահի պաշտոնը` այ էդքան համեղ է

Ռազմավարության առաջին փուլում բաժանվեցին մի քանի թեստային մուրաբաներ` ընտրողների վերաբերմունքը ստուգելու համար: Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի խոսքերով ընտրազանգված  ոչ միայն սիրով ընդունեց դդմի մուրաբան, այլ նաև անուշ արեց այն: Թեստային մուրաբան իրոք ապացուցեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է այս նոր ու քաղցր քարոզչական տեխնոլոգիային, բացառությամբ շաքարային դիաբետով տառապող ընտրողներից, ովքեր ստիպված կլինեն անաչառ, արդար ընտրություն անել Մայիսի 6-ին:

Մեզ հաջողվեց զրուցել մի քանի անձանց հետ, ովքեր 2010-ից եղել են ՕԵԿ-ի ֆոկուս խմբի անդամներ և իրենց խոսքերով հարյուրավոր մուրաբաներ են փորձել: «Եղել էին լավ և վատ մուրաբաներ, բայց էս վերջինը հրաշք ա, մեզ արգելված ա այն նկարագրել, բայց, որ թույլ էլ տային չէի կարանա», — պատմում է Գայանեն, 32 տարեկան: «Սենց ասեմ, ես ինքս ՀՀՇ վարչության անդամ եմ, բայց այլևս ոչ մի բացասական էմոցիա Արթուր Բաղդասարյանի անձի նկատմամբ չունեմ: (շշուկով) Չի բացառվում, որ հենց իրանց էլ ընտրեմ մայիսին», — պատմեց անհայտ մնալ ցանկացող ֆոկուս խմբի անդամը, — «էդ վերջի մասը չգրեք էլի, թե չէ մերոնք կկարդան կասեն, Արամ, հո՛ չես գժվել»:

Քաղաքագետներն ու սոցիոլոգները ստիպված են վերանայել իրենց կանխատեսումները, քանի որ հեքիաթային համ ուեցող մուրաբան ոչ ոք հաշվի չէր առել:  Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ամենաշռայլն էր իր կանխատեսումներում` ՕԵԿ-ին մոտ 5% ձայների հնարավորություն տալով, սակայն պարոն Ադիբեկյանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել քաղաքական դաշտի ապագա կտրուկ փոփոխությունը: «Սոցիոլոգիայի տարրական սկզբունքներին դեմ կլինի անել որևէ կանխատեսում առանց վերոհիշյալ մուրաբան համտեսելու: Գոնե ֆայմեն մի բանկա ուղարկեն», — ասաց Ադիբեկյանը:

Քարոզարշավի նմանատիպ փորձ գրանցվել է նաև Զամբիայում 2006թ., երբ գործող նախագահ Լեվի Մուանաուասայի կինը իր բարեգործական կազմակերպությունների միջոցով ապագա ընտրողներին բաժանում էր ուտելիք: Մուանահասային հաջողվեց հավաքել ձայների 42.98% , այն պարագայում, երբ նրանց մուրաբաները ՕԵԿ մուրաբաներին անգամ մոտ չէին համային հատկություններով:

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

 

8 Comments

  1. Suren Ohanjanyan via Facebook Suren Ohanjanyan via Facebook 06/04/2012

    lavn er))))))

  2. Ashot Ashot 06/04/2012

    Իր բազում փորձություններ անցած բարոյականության 😀

  3. Grigor Simonyan via Facebook Grigor Simonyan via Facebook 06/04/2012

    Es tuxt u gir e zhoxovurd!!!

  4. Arthur Arthur 07/04/2012

    ArmComedy jan, miacyal hayerin upload areq eli 🙁

  5. TM TM 08/04/2012

    Bocer)))

Մեկնաբանությունները փակ են.