Press "Enter" to skip to content

Գյուղատնտեսության նախարարությունը դեռ չի որոշել, ինչու է այս տարի ծիրանը թանկ լինելու

Ծիրանի թանկացման տրենդը գերազանցում է Apple բաժնետոմսերի թանկացումը

Գյուղատնտեսության նախարարությունը դեռ հստակ չի որոշել, թե ինչու է այս տարի ծիրանը թանկ լինելու: Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին ամենահայեցի միրգը բավական թանկ էր, և ազգաբնակչության միայն ամենաապահովված զանգվածներն էին կարողանում համտեսել այդ ռազմահայրենասիրական մրգատեսակը: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը դեռ չի հաստատել ապագա թանկացումը, բայց ասել է. «Մենք հանրության սպասումները չենք խաբի»:

Հասարակության տրամադրությունը պարզելու համար խոսեցինք մի քանի պատահական անցորդների հետ: «Մենք հո օլիգարխ չենք, որ էս ամառ ծիրան ուտենք: Մեր ընտանիքը ո՛չ գործարան ունի, ո՛չ էլ նույնիսկ մի թեթև տաքսի սերվիս»,– ասաց 45-ամյա Անահիտը: «Քյասիբ մարդ եմ ես, տղա ջան, սուս-փուս բանան ու նարինջ կուտեմ, ոնց որ միշտ»,– իր հերթին նշեց 61-ամյա Մովսեսը: «Ես պրոբլեմ չունեմ, պահածոների գործարանում ենք աշխատում ու միշտ էլ ջրի գնով ենք ծիրան առել՝ դուք եք էշ-էշ 1000 դրամ տալիս: Մի հատ ջեմ առեք կերեք էլի»,– նշեց 32 տարեկան Արթուրը:

«Նախարարությունը հայեցակարգ է մշակել, որով պետք է արդարացվի 2012թ. ամռանը ծիրանի բարձր գինը: Նախարարի հանձնարարությամբ արդեն կազմվել է հատուկ աշխատանքային խումբ, որն էլ կհիմնավորի այս տարվա թանկացումը,– պարզաբանեց գյուղնախարարության կարկուտահիմնավորման վարչության պետ Ֆլորա Ղասաբյանը:-Տեսե՛ք, կարող ենք, իհարկե, հին ու փորձված ճանապարհով գնալ՝ օգտագործելով մեր սիրած «կարկուտներ» հնարքը, կամ եթե եղանակը թեթև հնարավորություն տա՝ «ցրտահարում» հնարքը:

Բայց չենք ուզում կրկնվել: Այս տարի ծիրանը պետք է մի 1500 դրամ արժենա, էնպես որ՝ մի նոր, ստեղծագործական հիմնավորում ենք պատրաստում, գուցե մեղադրենք մասոններին, կամ բջջային հեռախոսներին… տեսնենք: Կարծում եմ՝ ապրիլին արդեն արդարացման շնորհանդես կանցկացնենք ու ձեզ էլ կհրավիրենք»: Վարչության պետը կարծում է, որ ժամանակն է արդեն ծիրանը վերաբրենդավորել որպես դելիկատես, այլ ոչ թե առօրյա միրգ: «Ինչպես էինք առաջ գնում ինչ-որ մեկի տուն անանաս ուտելու: Այ հիմա կարող ենք մերձավորների մոտ հյուր գնալ ծիրան ուտելու»,– ասաց նա:

Նախարարությանը կից աշխատող ազգագրագետ/բրենդագետ Աքսել Մարգարյանը կարծում է, որ ժամանակն է ծիրանը դարձնել սեղանի թագուհի: «Երկրում արագ տեմպով զարգանում է տուրիզմը, իսկ ծիրանը ավելի հայտնի է որպես prunus armeniaca, մեր ազգի հպարտությունն է: Բա ամոթ չի՞ էդ պարսիկները գան-տեսնեն՝ մենք հպարտությունը 50 դրամով ենք վաճառում: Ես ձեր տեղը գետինը կմտնեմ: Նռան վերաբրենդավորումից շատ դասեր ենք քաղել ու էլ ավելի մեծ success story ենք խոստանում»,– պարզաբանեց ազգագրագետ/բրենդագետը:

Որոշ փորձագետներ այնուամենայնիվ ծիրանի սպասվող թանկացումները կապում են խորհրդարանական ընտրությունների հետ: Դավադրագետ Միհրան Ստվեր-Գաբրիելյանը շեշտում է, որ ընտրությունների ժամանակ ծիրանը դեռ գտնվելու է իր ցոգոլային փուլում, հետևաբար ընտրությունների արդյունքից է կախված հասուն ծիրանի գինը: «Պետք է հաշվի առնենք, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է, ու սա այն եզակի լուրջ լծակներից է, որով կուսակցությունը կարող է ապահովել իր վերընտրվելը: Եթե ՕԵԿ-ը չանցնի խորհրդարան, մենք դարձյալ 1500 դրամով ենք գնելու ծիրանը»,– մտահոգված է փորձագետը:

Ո՛չ ռեժիմի անհամ ծիրաններին

Հայ ազգային կոնգրեսը առաջիկա հանրահավաքներին պատրաստվում է հիշեցնել, որ իրենց առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ծիրանի ամենացածր գներն են արձանագրվել: «Այն ժամանակ ծիրանը 5-10 դրամ էր ու մի տեսակ ավելի քաղցր էր, քան ռեժիմը: Ծիրանի գնային քաղաքականության վերանայումը արդեն իսկ ընդգրկվել է Կոնգրեսի նախընտրական պլատֆորմում»,– մեզ հետ զրույցում հայտնեց Արամ Մանուկյանը:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer