Press "Enter" to skip to content

ԿԸՀ-ն պատահաբար կեղծեց «Հայ Superstar 5»-ի արդյունքները

Պարզ է դարձել հաղթողի անունը

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ «Հայ Superstar 5» երաժշտական նախագծի հաղթող է ճանաչվել երգիչ, ոմն Աշոտ Մանուչարյանը` նրա օգտին հեռուստադիտողները ուղարկել էին թվով ամենաշատ SMS-ները: Հայտարարությունը զարմանք է առաջացրել հաղորդման երկրպագուների, ինչպես նաև «Շանթ» հեռուստաընկերության մոտ, քանի որ դեռ ընթանում է հաղորդման մասնակիցների գրանցումը, և, ընդհանրապես, «Հայ Superstar 5»-ը պետք է մեկնարկեր մի քանի շաբաթ հետո:

Քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվեց որևէ մեկնաբանություններից, մենք կապնվեցինք հանձնաժողովի նախկին անդամներից մի քանիսի հետ:

Հին օրերի խաթր

Առաջինը խոստովանեց հանձնաժողովի նախկին քարտուղար Աբրամ Բախչագուլյանը` «Երեկ երեկոյան, երբ հանձնաժողովի բոլոր նոր անդամներն արդեն գնացել էին տուն, մենք հին անդամներով զբոսնում էինք ԿԸՀ-ի շենքին հարակից այգում: Իհարկե, օրվա ընթացքում մոտ 500 անգամ տեսել էինք «Հայ Superstar 5»-ի մեկնարկի մասին գովազդը, նյարդայնացել էինք և, հանկարծակի, նոստալգիայի ծանր նոպա սկսվեց բոլորիս մոտ: Արդեն երկու տարի է ոչ մի կարևոր ընտրություններ չէինք ամփոփել ու հասկանում էինք, որ գուցե էլ երբեք էլ չամփոփենք ընտրությունների արդյունքներ»:

ՕԵԿ-ից նշանակված նախկին ԿԸՀ անդամ Արտաշես Ավոյանը հաստատեց գործընկերոջ պատմությունը` «Չեմ հիշում ինչպես եղավ, մի պահ կանգնած էինք ԿԸՀ շենքի մոտ` մյուս պահին արդեն ներսն էինք ու կեղծում էինք «Հայ Superstar 5»-ի արդյունքները: Ի դեպ, այդ հաղորդումը արդեն զզվացրեց իր անոնսներով»:

«Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված նախկին ԿԸՀ անդամ Զոյա Թադևոսյանը խոստովանեց, որ չէր ցանկանում մասնակցել կեղծիքներին` «Ես պարզապես ներխուժեցի, որ ևս մեկ անգամ «հատուկ կարծիք» հայտնեմ որոշման շուրջ` ինչպես բարի, հին ժամանակներին: Սակայն, իհարկե, կիսում եմ գործընկերներիս ատելությունը «Հայ Superstar 5»-ի չափից դուրս հաճախ կրկնվող գովազդի նկատմամբ»:

ԿԸՀ-ի` դաշնակցության նախկին ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը պատմեց, որ «Հայ Superstar 5»-ի SMS քվեարկության ամփոփիչ արձանագրությունը նրանք թողեցին դեռևս գործող նախագահ Գարեգին Ազարյանի սեղանին` «Ընդամենը երկու փոքր շանս ունեինք, որ նա կստորագրեր` կամ պետք է ինքն էլ զզված լիներ «Հայ Superstar 5»- գովազդներից, կամ պետք է կիսեր մեր նոստալգիկ հույզերը և հին օրերի խաթր ստորագրեր: Էդպես էլ չիմացանք, թե ինչու ստորագրեց, սակայն ուրախ ենք, որ չմերժեց»:

«Չգիտեմ մնացածները ոնց, բայց ես չեմ զղջում: Հիմա մի տեսակ հոգիս հանգստացավ,»- հավելեց Բախչագուլյանը:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Հանս Յոհանսենը մեզ հետ զրույցում նշեց, որ կեղծիքներ տեղի ունեցել են, սակայն էապես չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա: «Այո, երգչի օգտին ուղարկած SMS-ները քանակով ավելի քիչ են, քան հաշվարկի արդյունքում ստացած SMS-ները, սակայն եվրոպական լավագույն չափանիշերը շատ քիչ են տուժել, և երգչի հաղթանակը հիմնականում զուգահեռ է քվեարկողների կամքին,» — ասաց Յոհանսենը:

Մեկնաբանություններ ստանալու համար ArmComedy-ի լրագրողները փորձեցին կապ հաստատել առաջին «Հայ Superstar»-ի հաղթողի հետ, սակայն այդպես էլ չկարողացան հիշել նրա անունը:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

4 Comments

  1. Anna Anna 06/09/2011

    u stex comedy-i hatvac@ vorn er ?

  2. Edgar Edgar 06/09/2011

    Lavn er.

  3. Marina Marina 10/09/2011

    Txmarutyun er, humor kam gone sur mitq arhasarak chkar. Apsos en zhamanak@ vor caxsel eq ays nyuty grelu vra u en zhamanaky, vor yes caxseci kardalu vra (((((

Մեկնաբանությունները փակ են.