Press "Enter" to skip to content

Գոյություն չունեցող քաղբանտարկյալները կազատվեն

Նիկոլ Փաշինյանի գոյությանը հավատում է բնակչության 45%

Մայիսի 28 ակնկալվող համաներման արդյունքում ազատ կարձակվեն նաև քաղբանտարկյալները, որոնք, ինչպես համառորեն պնդում են ՀՀ իշխանությունները, գոյություն չունեն: Գոյություն չունեցող քաղբանտարկյալները բանտարկվել էին մասամբ տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերից հետո և մինչ օրս գտնվում են ազատազրկման վայրերում: Ակնկալվում է, որ գոյություն չունեցողները կվերադառնան ակտիվ քաղաքական կյանքի և կմասնակցեն կայանալիք ընդդիմության հանրահավաքին:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կարծիքով` միայն Նիկոլ Փաշինյանի վերադարձը 22-24%-ով կհետաքրքրացնի և կաշխուժացնի ընդդիմության հանրահավաքները և կբարձրացնի մասնակցության ցուցանիշները: Դիմելով բոլոր թերահավատներին Զուրաբյանը նշեց` «Բնականաբար, քաղբանտարկյալները գոյություն ունեն, և դա ժխտելը պարզապես անհեթեթություն է: Եկեք տրամաբանենք` քաղբանտարկյալների մասին բազմաթիվ անգամ խոսել ենք թե մենք, թե միջազգային կառույցները: Արդյո՞ք առաջին նախագահը կամ այդ հեղինակավոր կառույցները կպահանջեին ազատ արձակել մի խումբ մարդկանց, որոնք գոյություն չունեն, օրինակ` էլֆերին, կամ Ձմեռ պապին»:

Իսկ իշխանությունները շարունակում են պնդել, որ համաներումը ընդհանրապես ոչ մի կապ չունի ընդդիմության պահանջների հետ: «Սա պարզապես զուգադիպություն է: Չեք հավատա, բայց մենք այսպես թե այնպես պատրաստվում էինք համաներում անցկացնել և ազատել ոչ իրենց քաղաքական գաղափարների համար ազատազրկված մի քանի հոգու և հենց իրենց հանցագործությունների համար ազատազրկված մոտ 700 հոգու: Դե հիմա ընդդիմությունն էլ հայտնվեց ճիշտ պահին, ճիշտ տեղում, ու էսպես համընկավ իրենց պահանջը մեր պլանների հետ: Նրանք, ովքեր փորձում են տարատեսակ շահարկումներ անել, ասել, որ ընդդիմությունն է մեզ ստիպել համաներում հայտարարել, մոռանում են, որ մենք ունեինք օրացույց ու գիտեինք, որ մի օր մայիսի 28-ը մոտենալու է», — կիսվեց Արմքոմեդիի հետ Էդուարդ Շարմազինը:

Սոցիոլոգների վերլուծությունները ցույց են տալիս, որ բնակչության շուրջ 45%-ը հավատում է, որ գոյություն ունեն քաղբանտարկյալներ: Նրանց կարծիքով Սասուն Միքայելյանը կվերադառնա ակտիվ քաղաքական գործունեությանը Հայ Ազգային Կոնգրեսում (հիշեցնենք, որ ՀԱԿ-ի գոյությանը հավատում է բնակչության մոտ 79%-ը): Իսկ Նիկոլ Փաշինյանը, վելուծաբանների կարծիքով, կվերադառնա «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրական աշխատանքներին (հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գոյությանը հավատում է բնակչության 68%-ը): «Մաման ինձ ասել ա, որ քաղբանտարկյալներ կան: Նրանց տելեվիզրով չեն ցույց տալիս, միայն ինտերնետում կան, ու, եթե ես ինձ լավ պահեմ, նրանց մի օր կազատեն», — մեր թղթակցին ասաց 9-ամյա Աշոտիկը:

Հնարավոր է ստեղծվի խումբ կորցրածների պաշտպանության խումբ

Քաղբանտարկյալներին համաներում շնորհելը տխրեցրեց միայն Facebook-ի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» և, մոտավորապես նույն բովանդակությամբ, մի 10 այլ խմբերի ադմինիստրատորներին, ովքեր փաստացի գործազուրկ մնացին: Եթե մոտակա շաբաթվա ընթացքում քաղաքապետարանը մի նոր անհեթեթություն կառուցելու որոշում չընդունի, հնարավոր է նրանք դուրս գան հացադուլի:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

Մեկ մեկնաբանություն

  1. Քաղբանտարկյալներին համաներում շնորհելը տխրեցրեց միայն Facebook-ի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» և, մոտավորապես նույն բովանդակությամբ, մի 10 այլ խմբերի ադմինիստրատորներին, ովքեր փաստացի գործազուրկ մնացին: Եթե մոտակա շաբաթվա ընթացքում քաղաքապետարանը մի նոր անհեթեթություն կառուցելու որոշում չընդունի, հնարավոր է նրանք դուրս գան հացադուլի:

Մեկնաբանությունները փակ են.